Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Ժողովուրդը մեզ ճիշտ կհասկանա»

«Ժողովուրդը մեզ ճիշտ կհասկանա»
20.03.2009 | 00:00

ԲՈՅԿՈՏ
Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «1990 թվականից երկրում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրությունները միշտ էլ ընթացել են ընտրողների իրավունքների կոպիտ խախտումներով և այլ արատավոր երևույթներով` ծեծուջարդով, մարդկային զոհերով։ Նշվածի ապացույցն են 2008 թվականի մարտի 1-ը, երկրում ընթացող դատավարությունները, այդ հարցերի շուրջ Եվրախորհրդի ընդունած երեք բանաձևերը։
Երկրում ընթացող քաղաքական, տնտեսական ճգնաժամը, դոլարային խաղերը, աղքատությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների խայտառակ աճը և սպասվելիք նոր թանկացումները, մարդկանց անպաշտպանվածությունն ու հուսահատությունը, գործազրկությունն ավելի են նպաստելու ինչպես ընտրողների, այնպես էլ բոլոր տիպի հանձնաժողովների առանձին անդամների և վստահված անձանց կաշառվելուն։ Փաստորեն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ աճուրդի են հանվելու Երևանի կառավարման բոլոր օղակները։
2009-ի մայիսի 31-ին նշանակված Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի ընտրությունները նույնպես անցնելու են այդ «փորձված» մեթոդներով և ձևերով։ Դրա հետ միասին, ընտրություններին լծվելու են մայրաքաղաքի բոլոր թաղապետերն իրենց դրածոներով, որոնք, թողած իրենց հիմնական պարտականությունները (աղբահանություն, վերելակների և տանիքների վերանորոգում, շքամուտքերի ապակեպատում և այլն), հլու-հնազանդ կատարելու են վերևից ստացած առաջադրանքները։
Խոսել գաղափարական պայքարի, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, մայրաքաղաքում կատարվող ապօրինությունների և սոցիալական անարդարությունների վերացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին, ավելորդ է։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նշում է, որ նախօրոք ստեղծված իրադրությունը, անցումային շեմը մինչև 7 տոկոս բարձրացնելը և ընտրագրավի սահմանումը քաղաքական շատ ուժերի ուղղակի զրկում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Այդ պատճառով էլ իր մասնակցությամբ ընտրությունների նկարված արդյունքները չամրապնդելու համար ՀԿԿ կենտկոմը որոշել է բոյկոտել 2009 թվականի մայիսի 31-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։
Կարծում ենք` ժողովուրդը մեզ ճիշտ կհասկանա»։

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ